«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կբացվի «Տիգրան Ձիթողցյան. հայելիներ» ցուցադրությունը, որի շրջանակում ներկայացվելու են նյույորքաբնակ արվեստագետ Տիգրան Ձիթողցյանի առաջին անհատական ցուցադրությունը Հայաստանում (90-ականների վերջում հայրենիքից մեկնելուց հետո):
Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում, 1976-ին: 1986-ին Տիգրանի 100-ից ավելի նկարները ներկայացվեցին Երևանում, ապա ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ճապոնիայում և Իսպանիայում: Ամուր կապված լինելով իր հայկական արմատներին և մշակույթին՝ Տիգրանի ստեղծագործությունը զարգանում է ժամանակակից արվեստի համաշխարհային միտումների համատեքստում` ձեռք բերելով լայն միջազգային ճանաչում:
«Տիգրան Ձիթողցյան. հայելիներ» ցուցադրությունը ներկայացնում է վեց գեղանկար արվեստագետի վերջին ստեղծագործական շրջանից՝ ներկայացնելով չորս մեծադիր կտավ նրա «Հայելիներ» շարքից: Ցուցադրվող կտավների թվում են «Ամբոխը II»-ը և «Հայկական հայելի II»-ը, որոնք արտացոլում են հայրենի երկրի վերաբերյալ Տիգրանի ընկալումը՝ պատկերելով Հայաստանի հավաքական դիմանկարն իր անցումային ներկայում և պատմական անցյալում:
Ցուցադրությունը գործելու է հունիսի 18-ից սեպտեմբերի 20-ը: Հանրության համար ցուցադրությունը կբացվի հունիսի 19-ին և անվճար կլինի մինչ հունիսի 21-ը ներառյալ: